ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր հյուրընկալվել են 2021 թվականին ըմբշամարտի և բռնցքամարտի զինվորականների աշխարհի առաջնություններին մասնակցած ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողները, մարզաձևերի ներկայացուցիչներ և մարզիչներ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
2021թ.-ին Թեհրանում անցկացված ըմբշամարտի և Մոսկվայում կայացած բռնցքամարտի զինվորականների աշխարհի առաջնությունների արդյունքներով, ընդհանուր առմամբ, հայ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալներ։ Բացի այդ՝ ըմբշամարտի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականները թիմային հաշվարկով գրավել են աշխարհի առաջնության 3-րդ տեղը, պարգևատրվել գավաթներով։
Մարզիկ-զինծառայողներին ու նրանց մարզիչներին շնորհավորել, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի պատիվը բարձր պահելու համար շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն ու մարզաձևերի մարզիչները խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրեր։