Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2022 թվականի ընտրական վերջին խաղում սեփական հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն ու խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը։
Եվրոպական ընտրական J խմբի վերջին խաղում, համեմատած նախորդ խաղի հետ, Խոակին Կապառոսը մեր ընտրանու մեկնարկային կազմում միանգամից յոթ փոփոխություն էր կատարել։ Այս թվով փոփոխությունները նշանակում էին, որ փոխվելու է մեր թիմի խաղը։ Բացի այդ էլ Կապառոսը նախընտրել էր խաղալ կենտրոնական երեք պաշտպաններով, կամ եզրային պաշտպաններին էլ հաշված հինգ պաշտպաններով։
Բայց Գերմանիայի հետ խաղում ընթացքի փոփոխությունն ի օգուտ մեր թիմի շատ դժվար գործ էր։ Նույնիսկ հաշվի առնելով այն, որ Բունդեսթիմը Երևան էր ժամանել բազմաթիվ կորուստներով, և Հանս Դիտեր Ֆլիկը իր տրամադրության տակ ուներ ոչ թե 23, այլ 16 ֆուտբոլիստ։ Եվ առաջին կեսի 15-րդ րոպեին բարձր կարգ ունեցող թիմին վայել գերմանացիները գրոհ ձեռնարկեցին հարձակման աջ եզրով, ու Յոնս Հոֆմանի փոխանցումից հետո Կայ Հավերցը բացեց հաշիվը։
Մինչև ընդմիջում մենք երկու անգամ սպառնացինք մրցակցի դարպասին, եթե առաջին դեպքում Էդուար Սպերցյանի հարվածը բարձր էր, ապա երկրորդ դեպքում Սարգիս Ադամյանը պարտավոր էր ժամանակին փոխանցում կատարել, ու այդ դեպքում մեր գրոհը հաստատ կունենար վերջաբան։ Բայց Ադամյանը ուշացրեց, ու ամեն ինչ ավարտվեց չսկսված։ Իսկ հետո VAR համակարգի միջոցով հանդիպման մրցավար Ֆրանսուա Լետեսյեն ցույց տվեց նշակետն, ու Իլքայ Գյուդողան, հստակ իրացնելով 11 մետրանոցը, գերմանացիների առավելությունը հասցրեց երկու գնդակի։
Իսկ երկրորդ խաղակեսում, երբ մեր դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի սխալից հետո հաշիվը դարձավ 0։3 պարզ էր, որ մենք պարտվում ենք նաև այս խաղում։ Ճիշտ է, ուրախության արտացոլում մեր մարզիչ Խոակին Կապառոսի ու երկրպագուների մոտ եղավ, երբ Հենրիխ Մխիթարյանը 11 մետրանոցով կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1։3։ Բայց իրականում ուրախանալու ոչինչ չունեինք։ Սա, ինչպես ասում են, հեղինակության, կամ էլ Մխիթարյանի կողմից մխիթարության գնդակն էր։ Իսկ վերջակետը դրեց մրցակիցը։ Յոնաս Հոֆմանը գոլային փոխանցումից հետո դարձավ նաև գոլի հեղինակ՝ 1։4։
Այսպիսով ավարտվեց ընտրկան հերթական մրցաշարը, բայց, ցավոք, մենք առաջխաղացում չունեցանք։ Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական հաջորդ հանդիպումը անցկացնելու է Ազգերի լիգայի խաղարկությունում։ Մեր ընտրանին ընդգրկված B լիգայում։ Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, իսկ առաջին և երկրորդ տուրի հանդիպումները նախատեսված են անցկացնել 2022 թվականին հունիսի 2-8-ը։