- Դեպի բեմ, բեմում, բեմից դուրս, ինչպիսի՞ն է Հասմիկ Պապյանն այս երեք պայմանական ժամանակային հատվածներում:
- Շուրջ երկու տարի է, ելույթ չեմ ունենում (քովիդի պատճառով, այնուհետև պատերազմը…): Ուստի այս հարցին թերևս անցյալ ժամանակով պատասխանեմ: Երեսունյոթ տարի Է բեմում եմ: Ամբողջ կյանքս ընդհանրապես, եղել է բեմի համար պատրաստություն ամեն իմաստով. երաժշտական մասի, տեքստի վրա աշխատանք, փորձեր, անվերջանալի ճամփորդություններ: Ամբողջ կենցաղը նպատակաուղղված է եղել էներգիա հավաքելուն, կուտակելուն՝ բեմի վրա հաստատվելու, բեմում կայանալու համար:
Հիմա, երբ տեղափոխվել եմ Հայաստան, ստանձնել եմ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները և պատրաստում եմ երիտասարդ սերնդին անցնելու այն ճանապարհով, ինչ ես եմ անցել:
Երբևիցե թատրոնը չեմ տեղափոխել կյանք: Կյանքում ապրել եմ շատ պարզ՝ առանց շպարի, որովհետև շատ հոգնեցուցիչ են եղել լուսարձակների տակ տարիներ շարունակ կեղծամները, ուժեղ շպարը: Կյանքում չեմ ձգտել տարբերվել ուրիշներից (ինձ համար դա հավելյալ ծանրաբեռնվածություն Է):
- Ղեկավարում եք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան. ինչպիսի՞ն են մեր երիտասարդ կատարողները, ի՞նչ զգացողություններ ունեք, երբ Ձեր ուսանողներն են բեմում:
-Մենք ունենք հրաշալի երիտասարդ կատարողներ, տաղանդավոր անհատականություններ, որոնք պիտի գան լրացնեն ու զարդարեն մեր բեմերը: Ինձ համար շատ հետաքրքիր և պատասխանատու առաքելություն է նրանց ուղղորդելը:
Մեր երիտասարդ ուսանողները ունեն վոկալի ուսուցիչներ, գրեթե կայացած են, կամ կայացման ճանապարհին են: Ես անձամբ չեմ դասավանդում և շատ չեմ միջամտում, ավելի օգնում եմ խորհուրդներով, իրենց ներառում եմ օպերային ստուդիայի ծրագրերում, որ նրանց պիտի ուղղորդեն դեպի մեծ բեմեր:
- Արմատը... ի՞նչ ենք կրում մեր մեջ, որպես ազգ, տեսակ, արդյո՞ք հաճախ եք «գնում» դեպի Ձեր արմատները:
- Իմ արմատներից երբևիցե չեմ կտրվել և վստահ եմ, որ ինչպես այսօր, այնպես էլ իմ գործունեության սկզբում իմ հաջողությունները պայմանավորված են եղել բացառապես նրանով, որ միշտ գիտակցել եմ ՝ որտեղից եմ գալիս և ուր եմ գնում: Ինձ համար գիտակցական ողջ կյանքիս անփոխարինելի ուղեկիցն է եղել Հայոց լեզուն, ես այն կարևորում եմ գերադրական աստիճանով: Հայոց լեզուն ինձ համար մտածողություն է, իմ անհատականությունը, իմ արտահայտչամիջոցը: Կարծում եմ, որ մեր գոյատևման գրավականը և հատկապես, բեմում տարբերվելու առհավատչյան Արմատն է. դու պիտի տարբերվես մյուսներից, որպեսզի ուշադրություն գրավես: Այս մեծ աշխարհում մրցունակ լինելու համար պիտի Արմատից չհեռանաս:
Ցավոք մենք բավականին հեռացել ենք այդ գիտակցությունից (մասնավորապես երիտասարդները, իհարկե ոչ բոլորին է վերաբերում), ինչը ինձ մտահոգում է:
- Վերջին տարվա ընթացքում դրամատիկ, ողբերգական իրադարձությունները հաջորդեցին իրար. համավարակը, այնուհետ՝ պատերազմը. ի՞նչ մտորումներ կամ եզրահանգումներ ունեք պատերազմից հետո, ինչպե՞ս դուրս գալ ընկճախտից:
- Ամեն օր արթնանալիս զարմանում եմ ու ինձ հարց տալիս, թե ինչպես եմ դիմանում: Գիտեմ, շատերը նույն հարցն են տալիս իրենց: Շատ դժվար է այս կորուստներին, օրվա լրահոսին դիմանալը. հինգ հազար և ավելի կորուստներ, գերիներ, անհետ կորածներ, որոնց մասին ամեն պահի չենք խոսում, մոռանում ենք հաճախ: Թվում էր, թե գնալով ավելի հեշտ պիտի լինի…
Հեշտ, կամ տանելի կլիներ, եթե տեսանելի լինեին գործողությունները, ծրագրերը, որ մեր ղեկավարությունը ստանձնել է: Քանի որ այս ամենը չկա, միակ փրկությունը թերևս աշխատանքի մեջ է: Գլուխդ կախ քո գործը անել, փորձել ինչ-որ մի բան փրկել ու այդպես նաև «փրկվել», փախչել, թեկուզ ժամանակավոր՝ այս իրականությունից: Ինձ թվում է՝ մենք ազգովի բուժվելու կարիք ունենք ամենալայն իմաստով: Պիտի գիտակցենք, հասկանանք՝ ուր ենք գնում: Ընդհանուր դեղատոմս դժավարանում եմ ասել, անհատապես հասկացա, որ ես օրինակ կարող եմ անել մի գեղեցիկ բեմադրություն, հավաքել առկա ուժերը, սփյուռքից հրավիրել իմ ծանոթ անվանի արվեստագետներին, որպեսզի միասին ստեղծենք ինչ-որ գեղեցիկ մի բան, ամոքող սփոփիչ բեմադրություն, որ մարդկանց կկտրի իրականությունից, լույսի, հույսի դուռ կբացի:
- Ինչպե՞ս են սիրում Հայրենիքը
- Հայրենիքը սկսվում է ամենափոքր, տարրական բաներից: Հայրենիք սիրելը. պլաստիկ շշերը չթափելն է, շրջակա միջավայրի էկոլոգիայի մասին մտածելն է, ավելորդ շռայլություն քեզ թույլ չտալն է: Երբ շատերը աղքատ են, դու այդ հասարակության մեջ չպետք է առանձնանաս քո թանկարժեք մեքենաներով, շքեղ բնակարանով կամ հուգուստով: Հայրենիք սիրելը կողքինիդ մասին հոգ տանելն է, մի քար ավելի դնելը, մի ծիլ տնկելն է, և ի վերջո Հայրենիքում ապրելն է:
Ես դեմ չեմ, որ երկրից դուրս գնան, կայանան, ինքնահաստատվեն, բայց ամբողջ ուժն ու կարողությունն ուղղված լինի դեպի Հայրենիքը, ի վերջո այս հողն է տվել քեզ այդ տաղանդն ու շնորհը: Հողի վրա ապրելը շատ կարևոր է:
- Ի՞նչ փոփոխություններ կուզեիք տեսնել հայաստանյան կրթական, մշակութային կյանքում:
- Ավելորդ է ասել, որ կրթությունը և մշակույթը պետության հիմքերն են: Կցանկանայի տեսնել այդ ոլորտների ղեկավարների շարքում՝ կարող մարդկանց, ունակ մարդկաց, կրթված մարդկաց, որովհետև երբեմն հենց իրենք կրթության և մշակույթի պակասն ունեն, ցավոք սրտի:
Ոլորտը պիտի ղեկավարեն անհատականություններ, որ սրտացավ են մեր երկրի համար. սկսած մանկապարտեզի վարիչից, դպրոցի տնօրենից՝ ղեկավար օղակում պիտի լինեն հայրենասերներ, որ երկրի շահը վեր կդասեն անձնականից, միայն այդ դեպքում հաջողության կհասնենք:
Ցավոք մեզ շատ բնորոշ ազգային գիծ է, որ մեր տունը լինի գեղեցիկ, մեր երեխաները լինեն առողջ, խնամված: Մեզնից կես մետր հեռու, անգամ նույն բակի հարևանի վիճակը մեզ չի մտահոգում: Փոփոխություններն ամենից առաջ մեր կենսակերպի մեջ պիտի ներանկել ու մեր գիտակցության:
- Հրաշալի երաժիշտ կատարողներ ունենք, որոնց արվեստը հնչում է աշխարհի լավագույն բեմերից, ցավոք մեծ մասը Հայաստանից դուրս են բնակվում: Չկա՞ մտավախություն, որ վաղը չենք ունենա որակյալ ու նվիրյալ մանկավարժական թիմ Հայաստանում՝ երաժիշտների նոր սերունդ կրթելու համար:
- Ես այդ մտավախությունը չունեմ: Այո´, երաժիշտներից շատերը դրսում են կայանում, ընդհանրապես երաժիշտ կատարողի համար Հայաստանը փոքր է, հնարավոր չէ կայանալ լիովին: Բայց նույն Շվեյցարիայում, որ բարեկեցիկ երկիր է, երաժիշտները դուրս են գալիս երկրից, համագործակցում այլ երկրների երաժշտական կոլեկտվների հետ:
Այլ բան է, որ հայ կատարողները, ժամանակ առ ժամանակ վերադառնան Հայաստան, տան վարպետության դասեր, իրենց փորձը փոխանցեն, փոխանակեն տեղի երաժիշտների հետ: Ուղղակի մեր կառավարման գերխնդիրը պիտի լինի այս հարցին ուշադություն դարձնելը:
- Երաժշտասեր ունկնդիրը սիրում, սպասում է Ձեր յուրաքանչյուր ելույթին. նախագծեր ելույթներ, որ կլինեն առաջիկայում:
- Ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի օր հարկավոր է կանգ առնել: Ինձ թվում է, որ ես գիտակցաբար գնում եմ այդ ուղղությամբ: Ինձ համար հատկապես հիմաՙ պատերազմից հետո, շատ դժվար է երգել, ընդանրապես ապրելն է դժվար…
Իմ բոլոր ծրագրերը հիմա կապված են Երևանի Պետական կոնսերվատորիային կից օպերային ստուդիայի հետ, որը ուզում ենք բարձրացնել, կյանքի կոչել: Սա մի հրաշալի արվեստանոց է, որ կարող է շատ լավ հարթակ հանդիսանալ երիտասարդ երգիչների համար՝ մեծ բեմեր տանող ճանապարհին:
Առաջիկայում, երևի նոյեմբերի իննից հետո, երբ կլրանա մեր զոհերի մահվան տարելիցը, թերևս մեկ-երկու ելույթ լինի, այս պահին չունեմ ծրագրված ելույթ:
- Ապրելու, ստեղծագործելու Ձեր կարգախոսը:
-Երբևիցե չընկրկել, չհանձնվել, ինչ էլ որ լինի՝ ապրել սկզբունքներին հավատարիմ, ապրել արժանապատիվ:
Դիմացինը քեզ կհարգի միայն այն դեպքում, երբ ինքդ քեզ հարգում ես: Ինքն իրեն կարող է հարգել միայն կրթված մարդը, շարունակաբար կատարելագործվող մարդը, շրջապատող միջավայրի ու մարդկանց հանդեպ ոչ անտարբեր մարդը, Հայրենիքի հոգսերը անձնական հոգսեր դարձնող մարդը:
Փորձում եմ կյանքս թատրոն չդարձնել: Բեմում էլ պիտի չափազանց ազնիվ լինես, որովհետև չես կարող խաբել ունկնդրին. հանդիսատեսը անմիջապես զգում է այդ կեղծը, ֆալշը: Եթե ունես արժանիքներ, բեմում կրկնապատկվում են ազնվությանդ շնորհիվ: Եթե ունես թերություններ և կեղծում ես, դրանք բազմապատկվում են:
Զրուցեց Աղավնի Գրիգորյանը
Լուսանկարը' Զավեն Խաչիկյանի
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս